I know not everyone visiting this blog would be able to read the text below, but still I want to write a piece on Social Good Summit in my native Armenian for some readers back home and also to show the others how incredibly beautiful and unique are our letters!

So… ALT + Shift and…

ԱՄՆ-ում ապրելը և աշխատելը միջազգային կազմակերպությունում, իր բոլոր դրական և բացասական կողմերով հանդերձ, ունի մի անժխտելի առավելություն` հնարավորություն ներկա գտնվելու և նույնիսկ մասնակցելու աշխարհի համար կարևորագույն միջոցարումներին և հանդիպելու աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց և նրանց ովքեր որոշումներ են կայացնում:

Այսպես, սեպտեմբերին ես հնարավորություն ունեցա մասնակցելու Նյու Յորքում կայացած եռօրյա Social Good Summit-ին, թարգմանաբար` Սոցիալական բարության գագաթնաժողովին: Այնտեղ էին միաժամանակ գտնվում աշխարհում հայտնի գործարարներ, ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, բլոգերներ և բոլոր այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն մարդկանց ճակատագրերի և մոլորակի խնդիրների նկատմամբ: Այս բոլորին, սակայն, միավորում էր ցանկությունը, պատրաստակամությունը և կարողությունը` գործելու հանուն բարու` օգտագործելով սոցիալական մեդիան:

Այսօր սոցիալական մեդիան փոխում է աշխարհը, և մենք դրա ականատեսն ենք. մեր կյանքը հիմա զգալիորեն տարբերվում է նրանից, ինչին մենք` մարդիկ սովոր ենք եղել տարիներ առաջ: Մենք` բոլորս, մեր օրվա զգալի մասը անց ենք կացնում վիրտուալ աշխարհում` մի կողմից ավելի մեկուսանալով միմյանցից, իսկ մյուս կողմից ազատ ենք բոլոր սահմանային և ժամանակային խոչընդոտներից, ունենք արտահայտվելու ազատություն և քաջություն:

Ուզում եմ հավատալ, որ այս երեք օրը ավելի շատ մարդկանց կմիավորի, ավելի շատ կազմակերպություններ և սարքեր կապ կհաստատեն միմյանց հետ, որպեսզի ավելի մեծ ուժով, եռանդով և էներգիայով արձագանքեն աշխարհում առկա խնդիրներին` կրթության, առողջապահության, կանանց և երեխաների, բնապահպանության և շատ-շատ այլ ոլորտներում: Անհատը իրենից հզոր ուժ է ներկայացնում, իսկ միավորվելով, կամ, այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, կապ հաստատելով, մենք ստեղծում ենք այն դրական ուժը, որը և կենտրոնանում է խնդիրների լուծման վրա: Ինչպես նշեց խոսնակներից մեկը` «բոլոր տեխնիկական պլատֆորմները ստեղծվել են մեզ` միմյանց համար լսելի դառնալու համար»: Իրավ, այսօր ամենևին կարիք չկա անցնելու հազարավոր մղոններ` բարին գործելու համար: Այսօր բավական է միայն հասարակ բջջային հերախոս ունենալ և լիարժեք կերպով օգտագործել տրված գործիքները: Զարմանալի է, թե որքան փոփոխություն կարող է բերել մեկ նկարը, հեռախոսային հաղորդագրությունը, թվիտերում նշումը կամ բլոգում գրվածը:

Ի դեպ, գագաթնաժողովի բոլոր մասնակիցները պարտադիր պետք է թվիտերում հաղորդագրություններ թողնեին ամբողջ ընթացքում, և շատ հաճախ որոշ հաղորդագրություններ տեղում փոփոխություն էին կատարում, օր.` 1 հաղորդագրությունը 1 դոլար էր տրամադրում մալարիայի դեմ 1 երեխայի պատվաստման համար:

Իմ մեծագույն ցանկությունն է տեսնել փոփոխությունները և խնդիրների լուծումները 2030 թվականից շատ ավելի շուտ, տեսնել ՀԻՄԱ: Դա իրոք հնարավոր է, որովհետև կուտակված դրական էներգիան, ուժը, ոգևորությունը և եռանդը ի զորու են սարեր շարժելու:

Հ.Գ. Իմ անձնական հպարտության պահն էր, երբ Երևանը նույնպես առցանց միացավ գագաթնաժողովին: Այո, փոքր երկիր, որ մեծ բարիքներ է գործում:

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *